Երևանի Պարոնյան փողոց 1 շենքի բնակարաններից մեկը, որպես ժառանգություն, պետք է տրվեր 2 անձի, սակայն նոտարի գործողությունների հետևանքով ժառանգությունը ստացել է միայն մեկը։
Երևանի Պարոնյան 1 շենքի թիվ 37 բնակարանի նկատմամբ գրանցված է եղել Հռիփսիմե Ղալաչյանի և Սարգիս Ղալաչյանի սեփականության իրավունքը։ Հռիփսիմե Ղալաչյանի հայրը՝ Սարգիս Ղալաչյանը, մահացել է 2002 թ.-ին։ Նրա երկրորդ կինը՝ Էմմա Բազոյանը, մահից հետո դիմել է նոտար Էմմա Շաբոյանին, որպեսզի ժառանգության գործ բացի: Նույնն արել է դուստրը՝ Հռիփսիմե Ղալաչյանը, մեկ այլ նոտարի մոտ։ Բնակարանը որպես ժառանգություն փոխանցվել է կնոջը՝ Էմմա Բազոյանին։ Արդարադատության նախարարության նոտարական բաժնի պետը Հռիփսիմե Ղալաչյանին գրությունով հայտնել է, որ Էմմա Բազոյանը նոտարական գրասենյակում թաքցրել է այն հանգամանքը, որ Սարգիս Ղալաչյանը դուստր է ունեցել, ուստի Հռիփսիմե Ղալաչյանը պետք է դիմի դատարան։
2006 թ.-ին Էմմա Բազոյանը տունը վաճառել է։ Գնորդը գույքը բաժանել է երկու մասի։ Ստացել է հասցեներ՝ Պարոնյան փողոց 37 տարածք և Պարոնյան փողոց 1շ. 36, 37 տարածք։ Պարոնյան փողոց 37 տարածքը վաճառել է, որը հետագայում ,որպես ժառանգություն, փոխանցվել է այլ անձանց։ Պարոնյան փողոց 1շ. 36, 37 տարածքն էլ երեք սեփականատեր է փոխել։
Դատարանը գտել է, որ ժառանգության ½-ի մասով ոչ իրավաչափ են եղել նոտարի գործողությունները։ Դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վճռել է հայցը բավարարել մասնակի՝ ոչ իրավաչափ ճանաչել նախկին նոտար Էմմա Շաբոյանի գործողությունները, որի արդյունքում ժառանգ Հռիփսիմե Ղալաչյանը ո՛չ իր գույքն է ստացել, ո՛չ էլ՝ դրա դիմաց փոխհատուցում։
Հռիփսիմե Ղալաչյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գանգատ է ներկայացվել Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներով՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման, այդ խախտման դեմ իրավունքի պաշտպանության միջոց չունենալու, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման արդյունքում գույքային իրավունքների խախտման վերաբերյալ։

Ավելի մանրամասն տես այստեղ՝ https://hetq.am/hy/article/125636?fbclid=IwAR3HuWtEzQC71wsZkXg2vUpnx_bO1I9d6gcWalScq22pX7waVGR-8tG2BJ4
Շենքի լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։