Փաստաբան Աշխեն Դաշյանը iravaban.net-ի հետ հարցազրույցում խոսել է փաստաբաններին վեթինգի ենթարկելու մասին` ի թիվս այլնի նշելով, որ վեթինգի իրականացումը ուղղակի միջամտություն կլինի փաստաբանի անկախությանը, իրավապաշտպան գործունեությանը, իսկ փաստաբանի գործունեությունն արդարադատության համակարգում ունի առանցքային կարևորություն․ այս մասնագիտական աշխատանքը ենթակա է հատուկ երաշխավորման։ Փաստաբանի խոսքով միջազգային չափանիշները կարևոր երաշխիքներ են սահմանում փաստաբանների համար, ըստ որոնց, փաստաբանը իրականացնում է իր վստահորդների իրավունքների արդյունավետ պաշտպանություն անկախության և փաստաբանական գաղտնիքի պաշտպանված լինելու պայմաններում:
Փաստաբանը նշել է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 25.10.2000թ․ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» թիվ 21 հանձնարարականը, համաձայն որի` պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց խտրականության ենթարկվելու և առանց անհարկի միջամտությունների ինչպես հանրության, այնպես էլ իշխանությունների կողմից։ Փաստաբանը եզրահանգել է, որ ոչ միայն անթույլատրելի է փաստաբանների վեթինգը, այլև ընդհանրապես անհամատեղելի է փաստաբանի մասնագիտական աշխատանքի հետ։