Մեր մասնագետները տրամադրում են իրավական խորհրդատվություն և դատական ներկայացուցչություն դեպի ՀՀ և ՀՀ-ից արտահանձման և արտաքսման գործերով։ Մեզ հաջողվել է կասեցնել և, ի վերջո, դադարեցնել օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը Հայաստանից այն երկրներ, որտեղ նրանք բախվել են դաժան վերաբերմունքի կամ արդարադատության բացահայտ ժխտման և խտրական հետապնդման իրական և անմիջական ռիսկի: Վտարման որոշ գործեր կարճվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո՝ 39-րդ կանոնով նախատեսված վարույթի շրջանակում, որի վերաբերյալ դիմումները մեր մասնագետների կողմից հաջողությամբ ներկայացվել են այս դատարան։ Մենք իրավական օգնություն ենք տրամադրել իրենց ծագման երկրներում խտրական հետապնդումների ենթարկված անձանց ՀՀ իշխանություններից ապաստան հայցելիս և փախստականի կարգավիճակ ստանալիս․ միգրացիոն մարմինների կողմից վիճահարույց որոշումների կայացման պարագայում մեր վստահորդների իրավունքների պաշտպանության համար հայցեր են ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Այն դեպքում, երբ մեր վստահորդները ստացել են փախստականի կարգավիճակ ՀՀ-ում, մենք նրանց շահերը ներկայացրել ենք Ինտերպոլում՝ խնդրելով դադարեցնել միջազգային հետախուզման որոշումը Ինտերպոլի Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, որն արգելում է կազմակերպությանը քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթ ունեցող որևէ միջամտություն ձեռնարկել, ներառյալ ձերբակալման միջազգային օրդեր արձակել: Ի հավելումն արտաքսման գործընթացներում ներգրավվածության՝ մեր փաստաբանները հանդես են եկել որպես տեղացի փորձագետներ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ռուսաստանի Դաշնության դատարաններում ընթացող արտաքսման դատավարություններում, որտեղ արտաքսող պետությունները նպատակ են ունեցել արտաքսել ՀՀ քաղաքացիներին Հայաստան կամ երրորդ անվտանգ երկիր:
Իրավաբանական օգնություն տրամադրելու հետ մեկտեղ մենք նաև կիսվել ենք մեր փորձով ներպետական իրավապահ և միգրացիոն մարմինների, անհատ փաստաբանների և համապատասխան հասարակական կազմակերպությունների իրավաբան փորձագետների հետ՝ նրանց աշխատակիցներին, պաշտոնյաներին և փորձագետներին վերապատրաստման սեմինարներ տրամադրելով: Մեր փաստաբանները հրավիրվել են մասնակցելու ՀՀ արդարադատության նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և ՀՀ միգրացիայի և քաղաքացիության պետական ծառայության կողմից անցկացվող տեղական համաժողովներին և աշխատանքային խմբերի հանդիպումներին: